ՔԱՂՎԱԾՔ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի
2018 թվականի հուլիսի 9-ի
թիվ 355 հրամանից
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կարգը:
2. Ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է քաղաքացու ընդունելության վերաբերյալ դիմումի հիման վրա:
3. Ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացնում են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները:
4. Ծառայությունում քաղաքացիների ընդունելության համար սահմանվում է հետևյալ ժամանակացույցը.
Գլխավոր հարկադիր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Մեղրյան – յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ ժամը 15:00 – 18:00
Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյան – յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ուրբաթ օրը՝ ժամը 15:00 – 18:00
Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, Արամ Կարախանյան – յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ուրբաթ օրը՝ ժամը 15:00 – 18:00
5. Քաղաքացիների ընդունելության համար նախնական գրանցումն իրականացնում է Ծառայության ընդհանուր բաժինը:
6. Քաղաքացիները գրանցվելու համար ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ և ընդունելության նախնական նպատակի հակիրճ բովանդակությունը:
7. Քաղաքացիներին ընդունող պաշտոնատար անձի մոտ քաղաքացիների ընդունելության նախնական գրանցումը դադարեցվում է յուրաքանչյուր ընդունելությունից 5 աշխատանքային օր առաջ:
8. Սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետից հետո գրանցված քաղաքացիների հայտերը ներառվում են հաջորդ ամսվա ընդունելության ցուցակ:
9. Դիմումատուի կամ հրավիրված անձի ցանկությամբ ընդունելությանը կարող է մասնակցել նրա փաստաբանը կամ օրինական ներկայացուցիչը (գրանցվելու համար ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ և/կամ լիազորագիր):
10. Ընդունելությունն իրականացնող պաշտոնատար անձի բացակայության դեպքում ընդունելությունը տեղափոխվում է այլ աշխատանքային օր, ինչի մասին նախապես տեղեկացվում է ընդունելության հերթագրված դիմումատուն կամ հրավիրված անձը:
11. Պաշտոնատար անձը կարող է չիրականացնել այն դիմումատուի ընդունելությունը, ում գրավոր կամ բանավոր (առնվազն մեկ անգամ ընդունելությունների ժամանակ) տրվել են պարզաբանումներ: Այդ դեպքում քաղաքացուն տրվում է պատճառաբանված գրավոր պատասխան:
12. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մոտ կատարվող ընդունելությանն անհրաժեշտության դեպքում կարող են մասնակցել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը, միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, Ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Ծանոթություն. Պաշտոնատար անձը կարող է չիրականացնել այն դիմումատուի ընդունելությունը, ում դիմումում բարձրացված հարցը դուրս է Ծառայության գործունեության իրավասության շրջանակից: |